Միսաք Մեծարենց

   
Միսաք Մեծարենցն իր մեղեդային բանաստեղծություններով 
նոր աստիճանի է բարձրացրել արևմտահայ պոեզիան. ստեղծել է 
բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, 
կատարելության հասցրել ոտանավորի ձևերը:

Միսաք ՄԵծարենցը (իսկական ազգանունը՝ Մեծատուրյան) նախնական կրթությունն ստացել է Բինկյանի Մեսրոպյան վարժարանում, 1894–96 թթ-ին սովորել է Սեբաստիայի Արամյան դպրոցում, 1896– 1901 թթ-ին՝ Մարզվանի «Անատոլիա» գիշերօթիկում: 1902 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. մինչև 1906 թ. սովորել է Կեդրոնական վարժարանում, խորացել հայագիտության մեջ: Ուսումն ընդհատել է սաստկացող հիվանդության՝ թոքախտի պատճառով: Մեծարենցը գրել է 1901 թ-ից: 1903 թ-ից աշխատակցել է «Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ» և այլ պարբերականների: 1907 թ-ին Կոստանդնուպոլսում լույս են տեսել նրա «Ծիածան» և «Նոր տաղեր» բանաստեղծությունների ժողովածուները:
«Ծիածանը» լուռ ցավերի ու հույզերի, աղերսանքի ու սպասման հանրագումար է: Այդ ապրումների մեջ է ծնվել «Սիրերգը» («Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՛ն»)՝ բազմազան ու հակասական զգացումներով.

Բայց լույսն իմ հոգվույս քիչ-քիչ կը մաշի՛,
Շըրթունքս են ծարավ միակ համբույրին...
Ցնծագին գիշերն է լույս ու լուսին՝
Բայց լույսն իմ հոգվույս քիչ-քիչ կը մաշի՛:

Մոտալուտ մահվան կանխազգացումն ավելի է զորացրել բանաստեղծի սիրո և ապրելու տենչը: Արևն ու գարունը դարձել են կյանքի խորհրդանիշներ.

...Շողա՛, շողա՛, բարի՛ արև, հիվա՛նդ եմ...

Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում: Տառապող անհատի համար բնությունը և գյուղը վերածվել են հոգու ապաստանի («Աքասիաներու շուքին տակ», «Հովը», «Արևին», «Գետափի երազանքը», «Մառախուղ» և այլն): Նա խուսափել է գյուղական կյանքի դառնությունները պատկերելուց, ներբողել է միայն գեղեցիկը, մարդու և բնության կապը, աշխատանքով ստեղծվածի գրավչությունը («Այգային», «Տապի նոպաներ», «Անձրև», «Ջրտուք» և այլն):
Մեծարենցի սիրո երգերը պատանեկան անաղարտ զգացմունքի անկրկնելի նվագներ են. ճակատագրով դատապարտված պատանին սիրո մեջ տեսել է կյանքի հմայքը, աշխարհի գեղեցկությունը, գոյության իմաստը («Այգերգ», «Ջուրեն դարձին», «Անդարձը» և այլն).

Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի,
Եվ համրագին գիրքը ձեռքես կ’իյնա վար...
Երազներուս պերճուհին է որ կ’անցնի,
Ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար:
                                               
«Վայրկյանը»

Հետագայում բանաստեղծի անձնական սպասումը դարձել է անանձնական. հիվանդ պատանին ձգտել է իր ցավը զսպել և հոգու ջերմությունը, սերն ու գորովը տալ մարդկանց, համակել նրանց կենսասիրությամբ («Տո՛ւր ինձի, Տե՛ր...», «Իրիկունը», «Հովը», «Հյուղը» և այլն): 
Մեծարենցի երգը նման է խավարում շողացող լույսի ճառագայթի: Բնության, գարնան և սիրո ներբողներով լեցուն նրա քնարը հուսալքված ու բեկված հոգիներում արթնացնում է կյանքի և ապրելու կարոտը:
Մեծարենցը հեղինակ է նաև շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծությունների ու պատմվածքների, մի քանի գրաքննադատական հոդվածների («Ինքնաքննադատության փորձ մը», «Նարեկացիին հետ» և այլն):
Միսաք Մեծարենցի անունով Երևանում կոչվել են փողոց և դպրոց, որի ներսում տեղադրվել է նրա արձանը:

Комментарии