ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈՐ ՄԱՍԻՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈՐ ՄԱՍԻՆ



Հովհաննես Շիրազ


          ***
Ձյուն է իջնում, կուտակվում
Մորս վրա վերևից,
 Ասես փետուր է թափվում
Հրեշտակի թևերից:
Գերեզմանի այս հեռվում
Մեղմ դիզվում է թախծալից,
Մորս վրա մարմարվում,
Շիրմաքար է թվում ինձ:
Այնպես մեղմիկ է դնում
Աստված փաթիլ փաթիլին,
Որ չցավի ողջ կյանքում
Մորս ցաված սիրտը հին:
Փաթիլվում է մեղմաձյուն,
Մարմարվում է մեղմաբար,
Աստված ինքն է ստեղծում
Մորս վրա շիրմաքար:

ՄԱՅՐՍ
Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս
Մեր հերն ու մերն է մայրս,
Մեր ճորտն ու տերն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբունն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղ ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծարավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Մեր արեգակն է մայրս:
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան աստվածն է մայր

Մորս տեսա երազիս մեջ

Մորս տեսա երազիս մեջ,
Երազիս մեջ մորս տեսա,
Ընկա գիրկը մուրազիս մեջ,
Աստվածային դրախտն հասա:
Չէ`,մանկացա մորս գրկում,
Դրախտն ինչ է,երբ մայրս կա,
 Չար չմնաց էլ իմ հոգում,
Նարեկից խոր բարիացա...
Երբ զարթնեցի`մայրս չկար,
Մայրս չկար,երբ զարթնեցի,
Սիրտ իմ, վշտի անդունդն ընկար,
Դժոխքն ինչ է`նոր զգացի...

        ***
Թե մայր չլիներ աշխարհում այս նոր`
Ես կփախչեի անապատը խոր,
Ես կփախչեի ողջ աստղերն ի վեր`
Թե մորս սերը մագնիս չլիներ:

          ***
Քանի մայրը կա`
Խիղճը չի մեռնի,
Քանի խիղճը կա`
Աստված կհառնի:
        ***
Մայրիկիս մեջ ողջ մայրերին ես կզգամ,
Նրանց կերգեմ`երգելով մորն իմ անգին,
Թող ինձ կարդա մայրամոռն էլ անզգամ`
   Պաշտե գեթ իր մայրիկին:
Ախ,անառակ որդիք շատ եմ տեսել,շատ,
Անառակ մայր...Օձն էլ չունի,օ,երբեք,
Միայն մայրն է մնացել սուրբ Արարատ
   Ողջ աշխարհում այս պղերգ:
Աստվածները սատանաներ դուրս եկան,
Ախպերն ախպոր,քույրը`քրոջ կդավե,
Սուրբ է մնում միայն սիրտը մայրական,
  Ախ,լոկ մայրն է սուրբ ու վեհ:
Սայաթ-Նովան իր սիրուհուն սիրերգեց,
Նարեկն`սատծուն,Խայամն երգեց իր գինին,
Ես ինձ ասի`մորդ երգիր,բանաստեղծ,
    Որ մայրանան կյանք ու կին:
Ես մոր սրտի սիրտը պիտի ձեզ բանամ`
Նման մթնած, գանձաթաքույց այրերին,
Ողջ անառակ որդոց պարտքը պիտի տամ
    Բոլոր մոլոր,բոլոր մոլոր մայրերին...

               ***
Ես սիրում եմ ծաղիկները
Մեկ էլ մորս աչքերը պարզ,
Ազգեր մեկ էլ ձեր արքերը`
Թե ծաղկի պես նայեն վաս:
Ես սիրում եմ ողջ աստղերը,
Մեկ էլ մորս աչքերը հեզ,
ԱՍտված մեկ էլ քո աչքերը`
Թե ինձ պահես մայրիկիս պես...

             ***
Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Ու չեմ նրան երազել
Իմ հուշերի մշուշում:
Բայց երբ նայում եմ խաղաղ
Մորս դեմքի դալուկին,
Ինձ թվում է,թե մի պաղ,
Վիշտ է եղել կյանքը հին:
Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Բայց թողել է նա մի թել
Մորս աչքի մշուշում:
         ***
Մայրս փոքրիկ,մայրս խողճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս այս մայր երկրի մեջ`
Արևի դեմ մի ճրագ:
Բայց արևի լույսի տակ,
Երբ ցավեր եք ինձ բերում,
Սրտիս մռայլն անհատակ`                                                                                                                    
Այն խեղճ ճրագն է ցրում:
Մայրս փոքրիկ,մայրս խողճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս`մի բուռ սրտիս մեջ`
Գիշեր ու զօր արեգակ:

           ***
Մորս աչքերն օրոցքիս
Զույգ մոմերի պես վառվել`
Գիշեր ու զօր աչքերիս
Լույս տալով են սպառվել:
Ու թախծում եմ ես պռով,
Ախ, չլինի մորս պես`
Սևան,դու էլ վառվելով
Ու լույս տալով սպառվես...

         ***
Մայրս`ձեզ համար
Խեղճ,անշուք մի մայր,
Ինձ`նշխար մի երգ.
Ինձ`մի տիեզերգք,
Ինձ աշխարհ բերած
Մի նշխար աստված:

        ***
Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել`
Էլի մեծ էր նա,մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել`
Լուսնյակ դառնալով`որդոց օրոցքին...
Եվ հիմա քիչ է,թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ,մայր երգելուց ինչպես կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:

           ***
Հանեմ գանձերը հայոց լեռների,
Շաղ տամ բոլորը մորս ոտքի տակ`
Ախ,էլի քիչ է,ախ,քիչ է էլի:
Շաղ տամ մարգարիտն` համայն ծովերի,
Ծաղիկների հետ,մորս ոտքի տակ`
Ախ,էլի քիչ է,ախ,քիչ է էլի:
Ցած բերեմ բոլոր բույլերն աստղերի,
Զույգ աչքերիս ետ ձգեմ ոտքի տակ`
Մորս ոտքի տակ` ,ախ,քիչ է էլի:
Եվ թեկուզ հանեմ իմ սիրտը բարի`
Գառի պես զոհեմ մորս ոտքի տակ`
Ախ,էլի քիչ է,ախ,քիչ է էլի:
Լոկ մայրն է այժմ խիղճն հայրենիքիս`
Դարերի կյանքն էլ թե տաս մայրիկիս,
Աստված իմ,քիչ է ,չէ,քիչ է էլի:







Комментарии

  1. Մորս տեսա երազիս մեջ

    Մորս տեսա երազիս մեջ,
    Երազիս մեջ մորս տեսա,
    Ընկա գիրկը մուրազիս մեջ,
    Աստվածային դրախտն հասա:
    Չէ`,մանկացա մորս գրկում,
    Դրախտն ինչ է,երբ մայրս կա,
    Չար չմնաց էլ իմ հոգում,
    Նարեկից խոր բարիացա...
    Երբ զարթնեցի`մայրս չկար,
    Մայրս չկար,երբ զարթնեցի,
    Սիրտ իմ, վշտի անդունդն ընկար,
    Դժոխքն ինչ է`նոր զգացի... այս բանաստեղծությունը շատ դւրս եկավ

    ОтветитьУдалить
  2. լավ սայտա իմ համար,որովհետև ես 6-րդ դասարանցի եմ :)

    ОтветитьУдалить
  3. Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել`
    Էլի մեծ էր նա,մեծ էր ու անգին,
    Արև աչքերի լույսն է նա թափել`
    Լուսնյակ դառնալով`որդոց օրոցքին...
    Եվ հիմա քիչ է,թե աչքերս տամ,
    Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
    Ախ,մայր երգելուց ինչպես կշտանամ,
    Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:

    Սրա վերնագիրը Մորս սրտի հետ աշխարն եմ չափել

    ОтветитьУдалить
  4. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить

Отправить комментарий